Հայաստանը նպատակ ունի Հունաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնել՝ ընդլայնելով համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության և անվտանգության ոլորտներում, Աթենքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա նշել է, որ մի քանի երկրի հետ արդեն իսկ հարաբերությունները հասցվել են ռազմավարական մակարդակի, ինչը պայմանավորված է Հայաստանի նկատմամբ վստահության բարձրացմամբ:
«Հիմա այն վստահությունը, որ կա ՀՀ նկատմամբ, թույլ է տալիս, որ տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնենք, որի դեպքում համագործակցության սահմանափակումներն անհամեմատ ավելի քիչ են կամ ընդհանրապես չկան»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին՝ նա ընդգծել է, որ Աթենքը լրջագույն ձեռքբերումներ ունի բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, թվայնացման բնագավառներում։
«Չի կարելի այս հնարավորությունից չօգտվել, և ռազմավարական գործընկերությունը հենց սրա մասին է։ Մեր քաղաքական համագործակցության համար այսպես թե այնպես որևէ խոչընդոտ չի եղել։ Այս մասին խոսել ենք նաև պաշտոնական հանդիպումների ժամանակ»,- շեշտել է նա:
Նախագահի խոսքով՝ սա մեծ ձեռքբերում է, որը պետք է գնահատել:
«Այն քաղաքական գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում, այն քաղաքական գիծը, որ ունի այսօրվա կառավարությունը, վստահություն են ներշնչում մեր գործընկերների մոտ: Եվ դա է պատճառը, որ ընդլայնում ենք մեր համագործակցությունը, շարունակելու ենք այս գործընթացները, և այս այցն էլ պետք է նույն տրամաբանության մեջ գնահատել»,- եզրափակել է Վահագն Խաչատուրյանը:
Նախագահի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-ից պետական այցով Հունաստանում է: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահի և խորհրդարանի ղեկավարի, ինչպես նաև հույն գործարարների հետ:






































