Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի քանակի խնդիր չկա, այս պահին առկա է 70 հազար թեստ, սպասվում է տեղական արտադրություն: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հայտնեց, որ պետությունը պատվիրել է նաև նույն ճշգրտությամբ, սակայն ավելի կարճ ժամանակում՝ մոտ մեկ ժամում պատասխան տվող թեստեր:
«Ռապիդ թեստերի մասով նոր ձեռք բերումներ չենք անում: Եղել են ընդամենը մեկ մեծ՝ 30 հազար հատ ձեռք բերում և փոքր նվիրատվություններ: Դրանք օգտագործվում ենք այս պահի դրությամբ փակ հաստատություններում մեծածավալ սքրինինգներ իրականացնելու համար: Իսկ ՊՇՌ թեստերի քանակի խնդիր մենք այս պահին չունենք: Մնացորդը այս պահի դրությամբ 70 հազարին մոտ է: Նաև մենք սպասում ենք Չինաստանից ինքնաթիռով վերջին կոմպոնենտի ժամանելուն, որպեսզի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը արտադրի ևս 100 հազար թեստ»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ ունեցած թվերով, եթե նոր արտադրությունն էլ բարեհաջող տեղի ունենա, ևս 3-4 ամիս թեստերի խնդիր չի լինի, սակայն հնարավոր է, որ թեստավորման ալգոռիթմերի մեջ փոփոխություն տեղի ունենա՝ կախված հիվանդների թվաքանակից:
Թոևոսյանը նշեց՝ կան երկրներ, որ թեթև արտահայտված, սուր շնչառական վարակներով քաղաքացիներին նույնիսկ չեն էլ թեստավորում, այլ պարզապես նրանք մնում են տանն ու բուժվում:
Թորոսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում թեստերի արտադրությունը գնալով զարգանում է, նաև առաջանում են թեստավորման նոր մեթոդներ, որոնք գործնականում նույն ճշգրտությունն ունեն, սակայն ավելի արագ են աշխատում: «Մենք այդ ուղղությամբ էլ ենք աշխատում և պատվեր ենք դրել, պարզապես ամերիկյան ընկերության թեստերի մատակարարումների ժամկետը երկար է: 5 ժամի փոխարեն նույն ճշգրտությամբ թեստավորումն այդ թեստերով արվում է մոտավորապես 1 ժամում»,-ասաց նախարարն ու նկատեց՝ դա թույլ կտա թողունակությունը մեծացնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







