Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ-ի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 1107 ահազանգ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Հարությունյանը նշեց, որ իրականացված զանգերից 609-ը եղել են կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, 498-ը՝ քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ: Հոգեբանական աջակցություն մինչև այս պահը ցուցաբերվել է 411 քաղաքացու։
«Շտապօգնության ֆելշիրական բրիգադները կատարել են 32 երթ: Հաշվետու ժամանակահատվածում տեղափոխվել է 101 կոնտակտավոր և 7 հիվանդ: ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով նշված ժամանակահատվածում տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որից 28-ը տեղափոխվել է երեկ՝ Նորաշեն համայնքից»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Հարությունյանը հայտնեց, որ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար այս պահին համատեղ շրջիկ ծառայություն են իրականացնում ոստիկանության հետ:
«Յուրաքանչյուր մարզից 10-ական ծառայող, իսկ Երևանում և Սյունիքի մարզում՝ 20-ական փրկարար: ԱԻՆ-ի 25 ծառայակից գործուղվել են Կառավարության թեժ գծի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար, իսկ ԱԻՆ-ի փրկարար ծառայության բուժվարչության 14 ծառայողներ՝ առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու»,- ասաց փոխնախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







