ՀՀ Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 1500-ից ավել քաղաքացի դուրս է եկել կարանտինից։
«Նշեմ, որ վերջին 24 ժամում հաստատվել է վարակի 48 նոր դեպք, 61 քաղաքացի առողջացել է։ Ընդհանուր առմամբ, առողջացած դեպքերի թիվն ավելի մեծ է, սա նշանակում է՝ դրական բալանս ունենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին հաստատված դեպքերի թիվը հասել է 1159-ի։
Թորոսյանը նաև հայտնեց, որ կարանտինում գտնվող 300 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։
«Սա նշանակում է, որ կարանտինն էֆեկտիվ է, և եթե այդ մարդիկ կարանտինում չգտնվեին, ապա, կունենայինք 300 դեպք, որը նախապես չէիք վերահսկել»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ այս պահին մահճակալային ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված, իսկ նման տեմպերի պահպանման դեպքում իրավիճակը կգտնվի կառավարելության շրջանակներում։
Խոսելով վերջին օրերին իրականացված թեստերի մասին՝ Թորոսյանը հայտնեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 537 թեստ, սակայն որոշ թեստեր համակարգը մուտքագրել է հաջորդ օրը, ուստի այդ դեպքում իրականացվել է 810 ընդհանուր քանակով թեստ։
«Աշխարհի 1 մլն բնակչության հաշվով մեր իրականացրած թեստերի մասով կարող ենք ասել, որ բավականին լավ դիրքերում ենք։ Այս պահին թեստերի քանակը բավարար է, սակայն ըստ ցուցումների՝ թեստերի թիվը կարող է ավելացվել»,- ասաց Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այսպիսի հաշվարկ էլ կա՝ 16 թեստից 1 դրական դեպք ենք ունենում, որը բավականին լավ ցուցանիշ է։
«Ընդհանուր առմամբ, մեր համաճարակի կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, մենք կարող ենք իսկապես ունենալ համաճարակի նոր բռնկում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







