Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ արտահերթ նիստ է գումարվել։ Քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Դեղերի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծերի փաթեթը։
ԱԺ-ն միաձայն 2-րդ ընթերցմամբ ընդունեց օրենքները։
Փոփոխության համաձայն՝ այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը` որոշմամբ սահմանված պայմաններով:
Իսկ այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան բուժաշխատողները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը` որոշմամբ սահմանված պայմաններով:
«Դեղերի մասին» օրենքով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգվում է 4 ամսով։ Հաշվի է առնվել, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպումն անհնար է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







