Ֆրանսիան 1 միլիոն եվրո է հատկացրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների կարիքների համար, X-ում (նախկին Twitter) գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։
«Քեթրին Կոլոննայի որոշմամբ՝ Ֆրանսիան 1 միլիոն եվրո է հատկացրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ Լեռնային Ղարաբաղից 100 հազար հայերի հարկադիր վերաբնակեցումից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար»,- գրել է դեսպանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել մարդասիրական օգնության խմբաքանակ, որը ներառում էր բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների բուժման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







