ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) ՄԱԿ-ի այլ գործակալությունների և ՀԿ-ների գործընկերների հետ միասին 97 միլիոն դոլար է խնդրել Լեռնային Ղարաբաղից փախստականներին և նրանց Հայաստանում հյուրընկալողներին հրատապ մարդասիրական օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար:
Ինչպես նշվում է ՄԱԿ ՓԳՀ կայքում, այսօր մեկնարկած «Հայաստանի փախստականների շտապ արձագանքման ծրագիրը» կմիավորի 60 գործընկերների, այդ թվում՝ 43 ազգային ՀԿ-ների, և կտրամադրի շտապ օգնություն վեց ամսվա ընթացքում մինչև 2024 թվականի մարտի վերջը: Ծրագրի նպատակն է աջակցել մոտավորապես 231,000 մարդու, այդ թվում՝ 136,000 փախստականների և 95,000 տեղական հյուրընկալող համայնքների բնակիչների, ասվում է այնտեղ: Նշվում է, որ պլանում հաշվի է առնվում նաև աջակցությունը առաջիկա ձմռան դաժան ամիսներին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







