Արցախցիների մասնակցության հնարավորության ստեղծման նպատակով ՀՀ քննչական կոմիտեն երկարաձգել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը։
«Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, իսկ գրավոր քննության անցկացման օրը տեղափոխել 2023թ. հոկտեմբերի 24-ը, որպեսզի արցախցի հայրենակիցները, որոնց տվյալները բավարարում են ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան դիմելու, մասնակցելու մրցույթին և համալրելու ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի շարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիմորդներին ներկայացվող պահանջների, անհրաժեշտ փաստաթղթերի, մրցույթի ընթացակարգի, ժամանակացույցի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։
ՀՀ վարաչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ի Ժամը 16։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







