ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներից Լաչինի միջանցքի բաց լինելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո։ Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Հայաստանն Արցախին կապող միջանցքը բաց է:
Կառավարության օգոստոսի 3-ի նիստում Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է լսել ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի պարզաբանումն այն մասին, թե ինչո՞ւ նրանք չեն ապահովում ՀՀ կառավարության ուղարկած հումնաիտար օգնության մուտքը ԼՂ, եթե նրանք հայտարարում են, որ չեն խոչընդոտում դրան։
«Կարծում եմ՝ այս հարցը կարևոր է և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցին պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Հուլիսի 25-ին, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ։
Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունն անցել է հայկական անցակետը և գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







