Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 16-ին` ժամը 02:30-ին, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել էր հրադադարը՝ կրակ բացելով Երասխի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել նաև Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հուլիսի 14-ին Արցախի ՊՆ-ն նույնպես տեղեկացրել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին։ Ադրբեջանի ԶՈւ-ն ժամը 11:00-ի սահմաններում Շուշիում 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ էր կիրառել։ Ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում կիրառել էր 60 մմ տրամաչափի ականանետ, իսկ 19։20-ի սահմաններում արդեն կրակ էր բացել Մարտունու շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։
Հուլիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել էր հրադադարը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հուլիսի 15-ին Արցախի ՊՆ-ն ևս հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Ինչպես նաև ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպքի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







