ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ անթույլատրելի է համարում ցանկացած ոտնձգություն Հանրապետության սահմանների և ինքնիշխանության նկատմամբ: Նախագահի հայտարարությունը հրապարակվել է Սարգսյանի Telegram-ալիքում։
«Անթույլատրելի և անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ», — ասվում է հայտարարության մեջ:
Սարգսյանն ընդգծել է, որ «ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Ադրբեջանը նոյեմբերի 11-ի կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետեր կտեղակայի, հայկական կողմը նույնպես նման քայլեր կձեռնարկի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







