Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ: Այս մասին գրել է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է: Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել էր տեսանյութ՝ նշելով, որ ոստիկանների վայրագ գործողություններին պետք է իրավական գնահատական տալ։ Տեսանյութում ոստիկանները երեխաների աչքի առաջ բերման են ենթարկում իրենց հորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







