Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը հետաձգել է Արմեն Գևորգյանի անձեռմխելիության հարցով միջնորդության քննարկումը։ Նա հայտնեց, որ դատարանը միջնորդության հարցի քննարկումը հետաձգել է մինչև ՍԴ որոշումը։
«Հարցը լուծում չի կարող ստանալ մինչև ՍԴ որոշումը»,- ասաց Աննա Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի անձեռմխելիության հարցով «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ։
Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանից մի շարք պարզաբանումներ պահանջեց։ Նա պահանջեց նաև բավարար ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար, քանի որ նա նոր է ստանձնել Ա․ Գևորգյանի պաշտպանությունը։ Մեղադրող կողմը դատարանին կոչ արեց չհետաձգել դատական նիստը՝ թույլ տալով հրապարակել մեղադրական եզրակացությունը։
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին լքել երկիրը։ Այսպիսով, Գևորգյանը, որը պետք է մասնակցեր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին, հայկական պատվիրակության կազմում, չի կարողանա մեկնել Ստրասբուրգ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գործով ներգրավված մեկ այլ անձ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում): Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







