ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում է ՔԿ-ը, քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27 -ին Թուրքիայի անմիջական աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիա, որը տևեց 44 օր:
Անցյալ տարվա նոյեմբերի 9 -ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը ստորագրեցին եռակողմ հայտարարություն՝ բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Գադրութի, Աղդամի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանները (բացառությամբ Լաչինի միջանցքի), ինչպես նաև Շուշի քաղաքը:
Հակամարտության գոտում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







