Վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Այդ փաստերը մենք անարձագանք չենք թողել։ Ուղարկել ենք վարույթն իրականացնող մարմին, դրա մի մասով քրեադատավարական գործընթաց է իրականացվել, իսկ մյուս մասով դեռ իրականացվում է»,- նշեց նա։
Գլխավոր դատախազը նաև ասաց, որ Վարդապետյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Նա նաև հավելել է, որ Վարդապետյանի կարգավիճակը չի խոչընդոտում խորհրդատվություն իրականացնելուն։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







