Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է, իր ելույթում ասել է Լարշեն։
Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․
«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն դրա զոհերն այստեղ են՝ մեզ հետ։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի՝ ծանոթ լինելով մեզ հետ կատարվածին։ Այնուամենայնիվ, այստեղից հեռանում ես փոխված։ Ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները կորցնում են իրենց իմաստը։ Եվ այսօր մենք այստեղ ենք Սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ՝ փաստելու այդ հանգամանքը։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին իմ սիրտը հայի սրտի նման է բաբախում։
Այստեղ անցյալն արձագանքում է ներկայում։ Հուշահամալիրը մեզ սովորեցնում է, որ ռազմական գործողությունները, եթե նույնիսկ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում։ Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին։ Այն դեպքում, որ սպառնալիքը, որ թվում է՝ մարել է, կարող է կրկին բռնկվել, կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է։
1915-ից հետո բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղթել, ապաստան գտան Ֆրանսիայում։ Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական։ 20 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Ժիրակի նախաձեռնությամբ։ Այս պատմությունն այսօր մեզ՝ եվրոպացի ֆրանսիացիներիս, ստիպում է, որ երբեք չմոռանանք դա։
Վաղն առավոտյան մենք Ֆրանսիայում պետք է հիշատակենք նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը։ Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







