ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարությամբ վերահաստատել են ինքնիշխան պետությունների ներքին գործերին չխառնվելու սկզբունքի կարևորությունը: Այս մասին հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Որպես այս սկզբունքի խախտում մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն օրինական կառավարությունների տապալման կազմակերպման, ինչպես նաև պետությունների կողմից միջազգային իրավունքի խախտմամբ ազգային իրավունքի տարածքային կիրառումը», — ասվում է նախարարների հայտարարության մեջ:
Նախարարները վերահաստատել են, որ պատժամիջոցների կիրառումը բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունն է՝ Կազմակերպության կանոնադրության VII գլխի հիման վրա:
«Անթույլատրելի ենք համարում առանձին պետությունների կողմից տնտեսական ճնշման կամ հարկադրանքի միջոցների կիրառումն այլ պետությունների նկատմամբ», — ասվում է հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարները «լուրջ մտահոգություն են հայտնել այլ պետությունների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման (այդ թվում` տնտեսական ) դեպքերի աճի կապակցությամբ, որոնք հիմնավորված չեն միջազգային իրավունքով»՝ դրանք անվանելով «երկակի ստանդարտների կիրառման օրինակ» և կոչ են արել վերջ դնել այս պրակտիկային:
ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները պետություններին կոչ են արել շարունակել համագործակցությունը զինաթափման, զենքի վերահսկման ու չտարածման առկա համաձայնագրերի ամրապնդման գործում:
«Մենք լիովին պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքը, համաձայն որի ՝ պետությունները ձեռնպահ են մնում ՄԱԿ-ի Կանոնադրության խախտմամբ սպառնալիքից կամ ուժի կիրառումից: Մենք անընդունելի ենք համարում միակողմանի ռազմական միջամտությունները, և վերահաստատում ենք վեճերը խաղաղ կարգավորման սկզբունքով լուծելու մեր պարտավորությունը՝ համաձայն միջազգային իրավունքի», — շեշտվում է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







