Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:48

Հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ․

«33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու գործընթացի առաջին քայլը հանդիսացավ:

1988-ի փետրվարին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի մասին բարձրաձայնելու համար: Արցախցիների այդ քայլը, որն աննախադեպ խիզախություն էր այդ օրերի համար, իսկույն արձագանք գտավ Հայաստանում` բոցավառելով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակը:

33 տարի առաջ այս օրերին վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը: Արցախցիների ըմբոստ ոգու կայծը վառեց մեր սրտերը: Մենք մեր մեջ վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք նաև հիշում և մեր գլուխները խորնարհում ենք մեր հերոսների հիշատակի առջև: Հիշում ենք ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, ապրիլյան և հուլիսյան մարտերում, մարտական հերթապահության ժամանակ զոհված մեր բոլոր նահատակներին: Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ժողովրդի ապագայի: Նրանց հիշատակն անմահ է: Նրանց գործը սրբազան և փառքի կրակն անմար: Զուր չէր նրանց սխրանքը և հավիտենական է նրանց թողած ժառանգությունը:

33 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 32 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում:

Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն:

Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների:

Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավել եւս անկոտրում է: Նրա ապրելու և արարելու ձգտումը՝ անսասան: Համոզված եմ, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա:

33 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացվեց մեր ժողովրդի պատմության մեջ: Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն հանուն մեր ազատության զոհված հայ ժողովրդի բոլոր զավակները»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+