ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, ունեզրկելու գործից երեք մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար:
Վերջինս 2016թ. հունվարի 20-ից մինչև 2016թ. մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրերով ստացել է ընդհանուր՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ 39.030.000 դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերությունը հիմնադրելու համար՝ հետագայում կատարելով վարկային պարտավորությունները, իսկ մնացած գումարով կանխիկ կերպով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը:
Ռաֆիկ Հայրապետյանը հոր՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, տեղեկանալով վերջինիս կողմից վերոնշյալ վարկերը «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ ստանալու և այդ գումարների մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը, առանց իրենց գիտության անձնական կարիքների համար ծախսելու, 18.470.000 ՀՀ դրամը բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ծախսելու մասին, հոր և իր ընկերների հետ նախնական համաձայնությամբ, ինքնիրավչության եղանակով 57.500.000 ՀՀ դրամը ստանալու նպատակով, վերոնշյալ ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած, երիտասարդի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել է նրան, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք:
Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին մեղադրյալ ներգրավելու մասին, նրա և գործում ներգրավված մյուս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







