Ավելի քան 820 վերաբնակներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց տները, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 825 մարդ։ Ավտոբուսների շարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետերում:
Ավելացվում է, որ զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







