Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող ավտոբուսների հերթական խմբին: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ տեղափոխվել է 634 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության՝ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական աջակցություն են տրամադրում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 38 500 փախստական:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը խախատել է պայմանավորվածությունը և գրավել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







