ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքները (այսուհետ՝ Օրենքներ), որոնք հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. սեպտեմբերի 7-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանրապետության նախագահը կարևոր է համարում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով օրենքների ընդունմամբ առաջարկվող նոր կարգավորումները:
«Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, ստորագրելով Օրենքները, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած նիստում ընդունել է օրենսդրական փաթեթ, որով արտակարգ դրությունը փոխարինվել է կարանտինով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







