Հանրապետության տարածքում երեկ օրվա ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 263 դեպք՝ իրականացված 1993 հետազոտություններից։ Գնահատելով նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակը՝ կարող ենք ասել, որ ունենք իրավիճակի կայունացում, և դրան նախորդող անկման միտումը կարծես թե դադարել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղի ունեցած կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի։
«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունն ու ազգաբնակչության շարժունակությունը՝ այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ՝ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կտրուկ անկումները դժվար թե արձանագրվեն, սակայն առկա վիճակը պահելու համար սահմանափակումները պետք է պահպանվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







