Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է լիբանանյան այցը:
Նշենք, որ ՀՀ կառավարության պատվիրակությունն օգոստոսի 9-11-ը եղել է Լիբանանում: Այցի նպատակը եղել է Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն հասցնելը և իրավիճակին տեղում ծանոթանալը:
«Օգնությունը բաղկացած էր 3 ինքնաթիռ բեռից. առաջին և երրորդ ինքնաթիռները նախատեսված էին Լիբանանի կառավարության և ժողովրդի համար ընդհանրապես, իսկ երկրորդ ինքնաթիռի բեռը՝ կոնկրետ լիբանանահայ համայնքի համար էր նախատեսված, այն բաղկացած էր դեղամիջոցներից, առողջապահական գույքից, ինչպես նաև սննդից:
Երկրորդ մեր նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն էր, որովհետև պայթյունից անմիջապես հետո մենք ահագնացող նորություններ էինք ստանում պայթյունի ուժգնության, համայնքին հասցված վնասների, ինչպես նաև համայնքում տիրող տրամադրությունների մասին: Բնական է, որ համայնքում անհանգստության մասին դեռ մեկ տարի առաջ էլ սկսել էինք լսել, բայց այս պայթյունը պահանջեց, որ Հայաստանի Հանրապետությունն էլ ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և որի հիման վրա էլ ՀՀ կառավարությունն արդեն կմշակի իր հաջորդ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- հայտնեց Զ. Սինանյանը:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց նաև, որ այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել առաջին հերթին հոգևոր դասի ներկայացուցիչների՝ Արամ Առաջինի, Հայ Առաքելական, Կաթողիկե եկեղեցիների առաջնորդների, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանչական եկեղեցիների միության նախագահի հետ: Սինանյանը հայտնեց նաև, որ հանդիպումներ են եղել տեղի կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում հանձնակատարը լսել է նաև մշակութային, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, անհատներին, որպեսզի բոլոր շերտերից կարողանան տեղեկություններ ստանալ և ավելի օբյեկտիվ կարծիք կազմեն լիբանանյան իրականության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







