Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ պատրիարքը նախևառաջ ներկայացրել է լիբանանահայության իրավիճակը և համայնքի կրած մարդկային և նյութական կորուստները:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն օգնություն է ցուցաբերում Լիբանանի կառավարությանը, լիբանանցի եղբայրական ժողովրդին, ինչպես նաև հայ համայնքին: «Այս այցի նպատակն է նաև ավելի խորը հասկանալ, թե ինչպես կարող ենք աջակցել լիբանանահայ մեր հայրենակիցներին»,-շեշտել է գլխավոր հանձնակատարը:
Ամենապատիվ Տերն իր խոսքում ընդգծել է, որ համայն հայությունը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփյուռքը, և ուրախություն է հայտնել, որ վերջապես հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի: Նա նաև կարևորել է 2 շաբաթ առաջ Արցախի կառավարությունից ստացված օգնությունը. «Մեր եղբայրները մեզ հետ են, և սա շատ գեղեցիկ ժեստ էր»:
Հանդիպման ավարտին գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ նախատեսվում են հումանիտար օգնության ևս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխվող պարենամթերք և դեղորայքը փոխանցվելու է հայ համայնքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







