Այսօր տեղի է ունեցել Հայաստանի վերականգնողական էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի, ներկայացվել է հիմնադրամի՝ 2019 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, որը հաստատվել է խորհրդի անդամների կողմից։
Նշվում է, որ քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի ընտրված դպրոցներում էնեգախնայողության համակարգեր ներդնելու ծրագիրը։
Նախարար Սուրեն Պապիկյանը, ծանոթանալով հիմնադրամի աշխատանքների ընթացքում դպրոցների կարիքների գնահատման արդյունքներին, շեշտել է նմանօրինակ ծրագրերի դերը Հայաստանի կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված քայլերում․ «Հիմնադրամի ծրագրերի իրականացումը շատ կարևոր ազդակ եմ համարում թե՛ կառավարության հետ համագործակցության առումով, թե՛ հանրային ընկալման տեսանկյունից»:
Խորհրդի անդամները քննարկել են նաև համայնքներում իրականացվող, էներգախնայողությանը միտված սուբվենցիոն ծրագրերում հիմնադրամի ներգրավվածության հնարավորությունը։
Օրակարգում ներառված էր նաև չգազաֆիկացված համայնքներում իրականացվող ծրագրերի հարցը։ Այս ծրագրերի նպատակն է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը տնային տնտեսությունների համար՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործմամբ։ Խորհրդի անդամները փաստել են, որ 2019 թվականի իրականցված աշխատանքների արդյունքում տեղադրվել է շուրջ 3666 արևային կայան։
Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, քննարկել է նաև սահմանամերձ խոցելի համայնքներում էներգաարդյունավետ ջեռուցման և լուսավորության համակարգերի կառուցման հնարավորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







