Գիտության և արվեստի աշխարհահռչակ փառատոն STARMUS VI-ը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների՝ տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Այդ նպատակով այսօր կազմակերպվել էր տեսակոնֆերանս, որին մասնակիցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի Խորհրդի անդամներ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը (Jill Tarter), և Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը (David Eicher), Starmus փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ Միշել Մայորը (Michel Mayor)։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորեց Starmus 6-րդ փառատոնի անցկացումը, որը առանձնակի նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության համար:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատեց, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է, ոչ միայն այն պատճառով, որ տվել է աշխարհահռչակ գիտնականներ, գրողներ և արվեստի գործիչներ, այլ որ մեր կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է առաջնահերթ:
«Մենք ցանկանում ենք, որ հայկական հնարավորությունները բաց լինեն բոլոր հայերի համար»,- շեշտեց նախարարը և կարևորեց հայկական սփյուռքի հնարավորությունների իրացումը:
STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։
50 տարի է անցել Կարմիր մոլորակի վրա MARS 3-ի թեթև վայրէջքից ու մոլորակի մակերևույթի վերաբերյալ առաջին տվյալները Երկիր ուղարկելուց։ Նույն թվականին՝ 1971-ին, NASA-ի MARINER 9-ը դարձավ Մարսի շուրջ պտտվող առաջին օրբիտային սարքը։
Այս իրադարձություններին հաջորդեցին NASA-ի տասնյակ հաջող առաքելությունները, որոնք Արեգակնային համակարգում մեր «հարևանի» մասին ավելի հստակ պատկերներ և ինֆորմացիա փոխանցեցին։ 2020 թ. ամռանը աշխարհի երեք տիեզերական գործակալություն պլանավորում է մեկնարկել դեպի Մարս առաջին առաքելությունները, որոնք մոլորակ կժամանեն 2021-ին։
Հետևելով ձևավորված ավանդույթին՝ փառատոնը քննարկելու է հրատապ խնդիրներն ու ցուցադրելու է Մարսի ուսումնասիրության մասին ֆիլմեր։ Ֆիլմերի նախորդ ցուցադրությունները ներառել են «Apollo 11»-ն ու The Spacewalker-ը՝ Starmus-ի խորհրդի անդամ և լեգենդար ռուս աստղագնաց Ալեքսեյ Լեոնովի մասին։
Փառատոնն անցկացվելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Նախագահը Starmus-ը Հայաստան էր հրավիրել 2019 թվականին՝ Ցյուրիխում՝ Starmus V-ի բացման արարողությանն ունեցած իր ելույթում։
Փառատոնին ՀՀ կառավարության անունից կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը, սերտորեն համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, փառատոնը կդարձնի կրթական, գիտական և գեղարվեստական բացառիկ իրադարձություն:
Ինչպես նախորդ տարիներին՝ 6-րդ Starmus փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների՝ կիսվելու բեկումնային բացահայտումներով, անդրադառնալու հրատապ հարցերի և ոգեշնչելու նոր սերնդի գիտնականներին ու հետազոտողներին։
Փառատոնի արվեստի և երաժշտության ոլորտի խոսնակների անունները կհայտարարվեն ավելի ուշ։
Փառատոնի հաստատված խոսնակներն են Նոբելյան մրցանակակիր գիտնականներ Էդվարդ Մոզերն ու Միշել Մայորը, Apollo 16-ի լուսնագնաց Չարլզ Դյուկը, CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ Էմանուել Շարպանտիեն ու «iPod-ի հայր» և NEST-ի հիմնադիր Թոնի Ֆադելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







