Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․
Դեսպանը շնորհավորել է Վահե Ղազարյանին ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձել է ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը:
«Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին, ինչպես և ներկայացվեցին նախատեսվող ծրագրերը»,-ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այս ցուցաբերված աջակցության համար, որն ուղղվել է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին:
Քննարկվել են նաև Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես և համավարակի դեմ պայքարի համատեքստում՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրեա Վիկտորինը հաջողություն է մաղթել ոստիկանությանը՝ համավարակի դեմ պայքարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







