Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների: Այս մասին հաղորդում է ԱՀ կառավարության պաշտոնական կայքէջը։
Երկրի ղեկավարը նշել է, որ հայրենիքը բարձր է գնահատում նրանց մատուցած ծառայությունները, և կառավարությունը գործադրելու է բոլոր միջոցները նրանց ունեցած սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար:
Ըստ նախագահի՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերանները Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: Իսկ մինչև 2023 թ. ՊԲ բնակարանային հերթացուցակում գտնվողները կապահովվեն բնակարաններով: Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով:
Արայիկ Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







