Հուլիսի 1-ին տեսակապի միջոցով գումարվել է Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցել են նաև ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:
Ինչպես Armenia Today-ին տեղեկացնում են Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը:
Նշվում է նաև, որ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը (բոլորը՝ Պահպանողական կուսակցությունից), Ֆերյալ Քլարկը (Լեյբորիստական կուսակցություն) որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը (Լեյբորիստական կուսակցություն) որպես պատասխանատու լիազոր:
Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար:
Իր խոսքում Մոսկոֆյանն անդրադարձել է տարբեր ուղղություններով խմբի կողմից կատարվելիք աշխատանքներին և նպատակներին՝ ընդգծելով նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության գործոնը և խաղաղության պահպանման կարևորությունը: Խմբի նպատակն է լինելու առավել զարգացնել հայ-բրիտանական խորհրդարանական կապերը և նպաստել երկկողմ համագործակցությանը առևտրի, զբոսաշրջության, կրթության զարգացման և այլ բնագավառներում:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում պատգամավորների խնդրանքով, դեսպանության ներկայացուցիչը ներկայացրել է նաև Հայաստանում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակը և կառավարության կողմից ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







