Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոսիկանապետ Լյովա Երանոսյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված մի շարք առերևույթ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված 114 միլիոն դրամ վնասի մի մասը՝ 54 միլիոնը վերականգնել է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայության քննիչ Խորեն Մեժլումյանին, ով հարցաքննել է Վլադիմիր Գասպարյանին։
Ըստ իրավապահների՝ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը՝ զբաղեցնելով Զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա` պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում։ Նա, մասնավորապես, մի զինծառայողի թույլ է տվել իր պարտականությունները կատարելու փոխարեն Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։
ՀՔԾ-ի պնդմամբ՝ այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Այս դրվագով նախկին ոստիկանապետ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
«Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 միլիոնը, դրանից 54 միլիոնը վերաբերում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից վերականգնված գումարին: Այնտեղ վերականգնված գումար կա նաև կապված Վլադիմիր Գասպարյանի դստեր կողմից Ոստիկանության զորքերում ծառայության չգնալու, սակայն վարձատրվելու դրվագին: Այդ դրվագով ևս պետությանը պատճառված ավելի քան 8 միլիոն դրամը վերականգնվել է նախաքննության ընթացքում դստեր կողմից», — ասել է Խորեն Մեժլումյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







