Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Այսօր Մարտունու ԲԿ կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքներին, տեխնիկական և կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ և միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչև 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը իրականացվելու է տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ բաժանմունք տանող ճանապարհը»,- գրել է մարզպետը։
Սանոսյանը նշեց, որ այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության և իրենց համատեղ նախաձեռնությամբ:
«Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը և ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին: Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ: Անում ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում նաև Արցախի և այլ մարզերի բնակիչների»,- գրել է Սանոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







