Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա և երբևէ չի եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Սահմանադրական դատարանը մշտապես աշխատում է բնականոն ռեժիմով և բնականոն հունով և որևէ ֆունկցիոնալ խնդիր չի եղել իր սահմանադրական ֆունկցիոնալ առաքելության իրականացման ընթացքում։ Եթե որևէ մեկը խոսում է որևէ ճնգաժամի մասին, այդ թվում՝ ՍԴ թվացյալ ճգնաժամի մասին, պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝ ե՞րբ է առաջացել այդ ճգնաժամը, ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է դրսևորվում: Եթե որևէ մեկը պատասխանի այս հարցերին, կհանգի այն կարծիքին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա և երբևէ չի եղել»,- ասաց Ղազարյանը:
Նա ընդգծեց, որ ՍԴ նախագահը և դատավորներն ընտրվել են օրինական ճանապարհով, և այդ օրինականությունը ոչ մի կերպ չի կարող տրամաբանական վիճարկման առարկա դառնալ։
«Իմ կարծիքով ՍԴ-ն վայելում է հանրային մեծ հեղինակություն և վստահություն, այդ են վկայում հանրության շրջանում կատարված ուսումնասիրութույունների արդյուքները, ըստ որի դատաիրավական բոլոր մարմիններից Հայաստանում ամենաբարձ վստահությունն ունի ՍԴ-ն։ Դրա մեկ ուրիշ ապացույց է ՍԴ ստացվող դիմումների քանակը՝ հատկապես քաղաքացիներից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից, որոնք աննախադեպք են վերջին երկու-երեք տարիների ընթացքում»,- ասաց Ղազարյանը:
Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, այդ թեմայով ցանկացած քննարկում սին և անհիմն քննադատություն է, իսկ ՍԴ դատավորները քաղաքականությամբ չեն զբաղվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







