ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամի գանձման հետպահանջ է ներկայացրել համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը, հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում։
«Այս պահին ունենք 500 մլն դրամի հետպահանջ այն ընկերությունից, որի մասին խոսում ենք։ Մեզ համար դա գումար է, որը պետք է համարվի տնտեսված և վերադարձվի պետությանը։ Ընկերության դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից, և մենք կա՛մ փոխադարձ համաձայնության կգանք գումարը վերադարձնելու շուրջ, կա՛մ հարցը կլուծվի դատական կարգով»,- ասել է Անդրեասյանը։
Դիտարկմանը, թե կառավարությունը խնդիր ունի ընկերության հետ, մինչդեռ նույն ընկերությունը կազմակերպում է Երևանում նախատեսվող COP17-ը, նախարարը նշել է, որ պետք չէ ընկերության գործունեության հետ կապել միմյանցից անկախ առաջացած խնդիրներ։
Լոպեսի համերգը Երևանում կայացել էր 2025 թվականի օգոստոսի 3-ին։
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփեր Սնուփ Դոգի՝ Երևանում կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Կառավարության որոշմամբ՝ համերգի կազմակերպման համար պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակում գանձապետարանում հաշվառվել էր 2,3 մլրդ դրամի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել:
Հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ էր կատարել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի վերաբերյալ իր որոշման մեջ, ըստ որի՝ Սնուփ Դոգի փոխարեն Երևանում համերգով հանդես կգար Լոպեսը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







