Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական և տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաև Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։
Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին ևնկորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։
Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երևանում զբոսայգու կառուցումը, Կիև-Երեւան-Կիև ավիաչվերթի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական ժողովածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։
Վիլեն Շատվորյանը ներկաներին իրազեկել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին համապատասխան կառույցների հետ խորհրդակցությունների վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայերի միությունը պարբերաբար անցկացնում է եռամսյակային եւ արտագնա հանդիպումներ երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ արդի խնդիրները քննարկելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







