2025 թվականը Հայաստանի համար վերջին շրջանում ամենալարված տարիներից մեկն էր՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամից մինչև քաղաքական-տնտեսական որոշումներ և անվտանգության ոլորտի փոփոխություններ։ Armenia Today-ը հավաքել է այն առանցքային գործընթացներն ու իրադարձությունները, որոնք կանխորոշել են երկրի օրակարգը տարվա ընթացքում։
Իշխանությունների հարձակումները ՀԱԵ-ի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Հայաստանում եկեղեցիները վերածվել են «չուլանոցների», քանի որ «ով ինչ-որ տեղ ավելորդ բաներ ունի՝ տանում է եկեղեցի»։ Նա նշել էր, որ երևույթը վիրավորում է իրեն՝ «որպես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդու»։
Դրանից հետո սկսել է սոցցանցերում հրապարակել գրառումների շարք՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ներկայացուցիչների, ավելի ուշ նոր կաթողիկոսի ընտրության կոչ արել։ Հունիսի 2-ին նա կասկածի տակ էր դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտի պահպանման փաստը։
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսին հեռացնելու ծրագրերից և պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նրա ղեկավարությունից «ազատելու» գործընթացը: Նա նաև հայտարարել էր, որ բացառում է փոխզիջումները Գարեգին Բ-ի հետ։
Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին աջակցել են հոգևորականության մի շարք ներկայացուցիչներ, օրինակ՝ Հովհաննավանքի քահանա Արամ Ասատրյանը (այժմ՝ աշխարհական Ստեփան Ասատրյան)։ Նա Գարեգին Երկրորդի որոշմամբ կարգալույծ էր արվել Հանրային հեռուստաընկերության եթերում, սոցցանցերում հնչեցրած հայտարարություններից հետո․ Ասատրյանը նշել էր, որ 2021 թվականին հոգևորականներին պարտադրել են մասնակցել ընդդիմադիր հանրահավաքներին։ Փաշինյանը հայտարարել էր Ասատրյանի թիկունքին կանգնելու մասին։
Ավելի ուշ Փաշինյանը, ի պաշտպանություն կարգալույծ արված քահանայի, հայտարարել էր հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Ասատրյանի պատարագին մասնակցելու մտադրության մասին և այժմ պարբերաբար մասնակցում է պատարագների՝ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ հանդես եկած հոգևորականների գլխավորությամբ։
Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ նոյեմբերի 30-ին կաթողիկոսին կոչ էին արել «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել: Հայտարարությունն ստորագրել էր 10 հոգևորական՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Նավասարդ Կճոյանը, Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Սիոն Ադամյանը, Վազգեն Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Արտակ Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը: Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականի պահանջի տակ, ինչպես նաև մասնակցել էր վարչապետի հետ հանդիպմանը:
Հոգևորականների ձերբակալություններ
Փաշինյանը, ինչպես արդեն նշվեց, մայիսից քննադատում է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կաթողիկոսին փոխելու կոչ անում։ Ուժայինները հունիսին կալանավորել էին արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Ընդհանուր առմամբ՝ իշխանությունը զավթելու փորձի գործով «Սրբազան պայքար» շարժման 15 կողմնակից էր կալանավորվել։
Շիրակի թեմի արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը նույնպես ազատազրկված է՝ նա կալանավորվել էր 2025 թվականի հունիսին՝ իշխանությունը բռնի զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Հոկտեմբերի 3-ին դատարանն Աջապահյանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման: Աջապահյանի մեղադրանքի հիմքում նրա մեկ տարի առաջ տված հարցազրույցն է, որտեղ հոգևորականը խոսում էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:
Սեպտեմբերին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իշխանությունները մտադիր են օգտագործել կարգալույծ Ասատրյանի՝ ընդդիմության հանրահավաքներին հոգևորականներին հարկադրելու մասին ցուցմունքը, որպեսզի հիմնավորեն պետության միջամտությունը ՀԱԵ գործերին և կաթողիկոսի վարկաբեկումը:
Սամվել Կարապետյանի կալանքը
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ձերբակալել էին հունիսին։ Ձերբակալման, ապա նաև կալանավորման որոշումը կայացրել էին, երբ գործարարը հրապարակավ քննադատել էր կաթողիկոսի և հոգևորականների վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները։
«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խումբ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարամյա պատմությունը, հարձակվել է եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Ի՞նչ կարծիք պետք է ունենամ այս հարցի վերաբերյալ։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այս ամենին»,- հունիսի 17-ին News.am-ին տված հարցազրույցում նշել էր Կարապետյանը։
Փաշինյանը կոշտ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը՝ հրապարակելով մի շարք գրառումներ Ֆեյսբուքում։ Նույն օրն ուժայինները խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը, որոնք տևել էին մոտ 9 ժամ: Քննչական գործողությունների ավարտից հետո գործարարը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ առանց ձեռնաշղթաների դուրս էր եկել տնից և գնացել բաժին:
Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեն Կարապետյանի դեմ նոր մեղադրանք էր առաջադրել՝ կապված ձեռնարկատիրական գործունեության հետ, իսկ հոկտեմբերի 16-ին դատարանը 30 օրով երկարաձգել էր կալանքի ժամկետը։
Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել էր Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ բողոքը: Նույն օրը ՔԿ-ն միջնորդել էր երկարաձգել գործարարի կալանքի ժամկետը։ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 13-ին հրապարակել էր որոշում, որով վերականգնել էր Կարապետյանի գործով առաջադրված տնտեսական մեղադրանքների վերաբերյալ «հիմնավոր կասկածը»։ Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 18-ին ևս երկու ամսով երկարացրել էր Կարապետյանի կալանքը:
ՀԷՑ-ը պետական վերահսկողության տակ վերցնելու գործընթաց
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետական վերահսկողության տակ առնելու իշխանությունների փորձերն սկսվել էին, երբ ընկերության սեփականատեր Կարապետյանն իշխանությունների հարձակումների ֆոնին աջակցել էր եկեղեցուն և հունիսի 18-ին ձերբակալվել իբր իշխանությունը զավթելու կոչերի համար:
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել էր փոփոխությունների փաթեթներ, որոնք նախատեսում են ժամանակավոր կառավարչի նշանակում և սեփականության օտարում էներգետիկայի ոլորտում: Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երկու օրենք էր ստորագրել: Հունիսի 30-ին ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն Armenia Today-ին հայտնել էր ընկերությունը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր փորձերի դեպքում միջազգային ատյաններ դիմելու ծրագրերի մասին։ Նույն օրը Կարապետյանի ընտանիքը պետական մարմիններին ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին՝ ներդրումային համաձայնագրի խախտմամբ ՀԷՑ-ի օտարման քայլերի պատճառով:
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտը որոշում էր կայացրել, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցնում է զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ ուղղված հետագա գործողություններից: Օգոստոսի 4-ին դատարանը հաստատել էր որոշման պարտադիր բնույթը, որն արգելում է ընկերության բռնագրավումը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։
Այժմ կառավարությունը քննարկում է ՀԷՑ-ի աշխատանքի երկու սցենար՝ ազգայնացում և սեփականաշնորհում։ Երկու դեպքում էլ իշխանությունները «ռազմավարական ներկայություն» կունենան ընկերության կառավարման մեջ։
Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի նախաստորագրում
Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանն օգոստոսի 8-ին կայացած բանակցությունների արդյունքում համատեղ հռչակագիր էին ստորագրել:
Հռչակագրի շրջանակներում Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվում են մեկընդմիշտ դադարեցնել պատերազմները, բացել առևտրային, զբոսաշրջային և դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հռչակագրով նախատեսվում է TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագիծը, ինչը կդառնա հատուկ տարանցիկ տարածք, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք մուտք ունենալ դեպի Նախիջևան՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։
Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ «բացառիկ գործընկերություն» է ստեղծում այդ միջանցքի զարգացման համար, որի գործողության ժամկետը նախատեսված է 99 տարի: Նրա խոսքով՝ «իրենք խոստացել են 99 տարի անց երկարացնել նախագծի գործողության ժամկետը»։
Վաշինգտոնը նաև երկկողմ համաձայնագրեր էր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, առևտրի և տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար: ԱՄՆ-ն նաև վերացնում է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության սահմանափակումները:
Փաստաթղթում նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը: Կողմերը նաև ընդունել էին համաձայնագրի ստորագրմանն ու վերջնական վավերացմանն ուղղված գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծել երկու երկրի միջև խաղաղության պահպանման և ամրապնդման կարևորությունը։
Tashir Arena-ի բացումը
Հոկտեմբերին Երևանում տեղի էր ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի՝ Tashir Arena մշակութային և ժամանցային միջոցառումների բազմաֆունկցիոնալ կենտրոնի նախագծի բացումը։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանի խոսքով՝ Tashir Arena-ն դառնալու է հայկական կրկեսային դպրոցի զարգացմանն ուղղված կրթական կենտրոն: Նախագծի առանցքային խնդիրներից մեկը կդառնա էկոհամակարգի ձևավորումը արտիստների նոր սերնդի պատրաստման համար, որոնք կկարողանան ելույթ ունենալ համաշխարհային մակարդակի հարթակում՝ առանց երկիրը լքելու:
Ծրագրի շրջանակներում Tashir Arena-ն մեկնարկել էր դրամաշնորհային և կրթաթոշակային ծրագրեր, ինչպես նաև կրթական նախաձեռնություններ՝ համագործակցելով հայկական և միջազգային կրկեսային դպրոցների հետ: Հարթակը նաև հիմք կհանդիսանա արտասահմանյան թատերախմբերի և համաշխարհային աստղերի հյուրախաղերի համար, ինչը թույլ կտա երիտասարդ արտիստներին ձեռք բերել գործնական փորձ և աշխատել համատեղ արտադրություններում:
Նոր համալիրը կառուցվել է Երևանի հին կրկեսի տեղում, որի շենքը, ըստ Կարապետյանի, տեխնիկական վիճակի պատճառով վերակառուցման ենթակա չէր: Նոր օբյեկտը նախագծվել էր զրոյից՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները։ Արենայի ստեղծմանը մասնակցել էին ինժեներներ, ճարտարապետներ և տեխնոլոգիական ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից։
Tashir Arena-ի նոր ձևաչափի ոգեշնչման աղբյուրներից մեկը Luminar փորձարարական արվեստի տարածքն է, որը բացվել էր 2023 թվականին։ Այստեղ հանդիսատեսը ոչ թե պարզապես հետևում է գործողությանը, այլ դառնում դրա համահեղինակը։ Luminar-ը միավորել է թվային պրոյեկցիաները, հարմարվողական ձայնը և ինտերակտիվությունը, ինչը տեխնոլոգիական և հուզական հիմք է դրել ապագա Tashir Arena-ի համար:
Tashir Arena-ն իր մեկնարկն սկսել էր Eternia շոուով, որը կրկեսային արվեստի, թատրոնի, խորեոգրաֆիայի և թվային էֆեկտների միավորում է։
Tashir Arena-ի նախագծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել մուլտիմեդիային և ձայնին։ Ձայնային ինժեներն աշխատել է կոմպոզիտոր Հանս Զիմմերի հետ, ով խորհուրդ է տվել ակուստիկայի վերաբերյալ։ Մուլտիմեդիա ենթահամակարգերի համար Tashir Arena-ն համագործակցել է ճապոնական Panasonic կորպորացիայի հետ։
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը մինչև 1,5 տարի կտարածվի այն քաղաքացիների վրա, որոնք կզորակոչվեն 2026 թվականի հունվարի 1-ից հետո: Նրանց համար, ովքեր արդեն ծառայության են անցնում, ժամկետը կմնա նույնը՝ 24 ամիս:
Սեպտեմբերին Պաշտպանության նախարարությունն օրինագիծ էր ներկայացրել, որով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հուլիսի 1-ից կրճատել մինչև 18 ամիս: Հոկտեմբերի 21-ին Փաշինյանը հայտարարել էր, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 30-ին հավանություն էր տվել նախագծին։
Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացում
Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին:
Նոյեմբերի 5-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ռուսական ցորենի խմբաքանակը երկիր էր ժամանել Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Նոյեմբերի 8-ին Ղազախստանից Հայաստան էր ժամանել ցորենի խմբաքանակ՝ երկաթուղային ճանապարհով անցնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով:




































