ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Առաջին» լրատվականի հետ հարցազրույցում խոսել է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտասահմանում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիների դեպի Հայաստան հնարավոր տեղափոխումը կազմակերպելու, ինչպես նաև առաջիկա զորակոչի մասին:
«Որպեսզի հնարավոր լինի որոշակի իրավական խոչընդոտներից խուսափել՝ այս տարի ավելի ակտիվ ենք, որպեսզի չիմացության հետևանքով որևիցե մեկի մոտ խնդիրներ չառաջանան»,-ասել է Բալայանը՝ զորակոչի կազմակերպման միջոցառումների հետ կապված։
Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս ստուգայցեր են իրականացվում տարածքային զինկոմիսարիատներ՝ սանիտարահամաճարակային նորմերի պատշաճ մակարդակի ապահովման համար։
Բալայանը հայտնել է նաև, որ որ ԶՈՒ-ում բոլոր հակահամաճարակային միջոցառումները կատարվում են արտակարգ ճշտապահությամբ և ժամանակին։ «Հնարավոր չէ զորակոչը որևիցե կերպ հետաձգել, քանի որ դրանից է կախված նաև զորացրումը»,-նշել է նա։ Պաշտպանության փոխնախարարը հայտնել է նաև, որ ներկա իրավիճակով պայմանավորված փոփոխություններ են կատարվել նաև զորակոչի կազմակերպման գործընթացներում և նորակոչիկների ծնողներն այլևս կարիք չեն ունենա մայրաքաղաք ժամանելու, այլ տարածքային զինվորական կոմիսարիատներից կհետևեն գործընթացին։ «Կենտրոնական հավաքակայում ծնողների մուտքը չի թույլատրվելու»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







