Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության 2026 թվականի ծրագիրը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ծրագիրն ստորագրվել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի ունեցած Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունների ավարտին։ Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։
Նշվում է, որ ծրագիրն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանին և Ֆրանսիային զենքի մատակարարման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել էր 600 միլիոն դոլարի։ Փետրվարի 3-ին Հնդկաստանի ՊՆ-ն ՀՀ-ն անվանել էր պաշտպանական արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններից մեկը։
Փետրվարի 11-ին Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են ոչ միայն երկրների պաշտպանունակության բարձրացմանը, այլև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը։






































