Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։ Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, Զաքարյանը հուլիսի 1-6-ը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում։
Ըստ գերատեսչության՝ ՌՈ պետն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին։
Շրջայցի ավարտին Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ ժամկետային պարտադիր զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն։