ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին, բարեկամներին։
Դավթյանն ընդգծել է, որ կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատել են արտակարգ դրություն:
«ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար»,- նշել է գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմելով ծնողներին։
Նա զինծառայողների ծնողներին կոչ է արել՝
- Անհարկի չմիջամտել համաճարակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարության և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցառումներին,
- Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վարակակիր քաղաքացիների հետ բացառելուն,
- Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:
- Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:
«Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»,- ընդծել է Արտակ Դավթյանը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաև այս մարտահրավերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







