Հուլիսի 26-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Զինծառայողին ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով):
«Ձևավորվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատաձգաբանական, դատահետքաբանական դատագենետիկական համալիր փորձաքննություններ։
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու և կատարվածին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,- հայտնում է ՔԿ-ն։
Նշվում է նաև, որ քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը։




































