Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները։
Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել են հակահարձակողական մի շարք գործողություններ։
Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական պարգևներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, կենցաղային պայմաններով, մատուցվող սննդի որակով, և զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







