Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։