ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մատնանշեց, որ պատերազմից անմիջապես հետո խնդիր ունենք բանակը համալրելու ավելի շատ պայմանագրային զինծառայողներով։
Այս խնդիրը լուծելու նպատակով ԼՀԿ-ն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության համար նախատեսված տարիքային շեմը բարձրացնել։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման առաջարկություն իրեն արել են Գորիսի և Կապանի բնակիչները։
«Ստացել ենք առաջարկություն, որ փոխվի օրենքի համապատասխան դրույթը, որի համաձայն 45 տարեկանից հետո այլևս անհնար է շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը։ Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որով հնարավորություն կտրվի բարձրացնել այդ շեմը մինչև 63 տարեկան»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը և հիմնավորեց, որ մարդիկ, լինելով բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ, առողջ, զինվորական ծառայության մեծ փորձով, ուղղակի իրավունք չունեն շարունակել պայմանագրային զինծառայությունը։
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այդ մարդիկ նաև արտագաղթում են։ Ուստի, ըստ նրա, օրինագիծը նպատակ ունի կանխել արտագաղթը։
ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի գեներալ-գնդապետ և բանակի գեներալ զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







