Անցած գիշեր Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք տապալվել են: Այս մասին նոյեմբերի 3-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօրվա հարձակումներն իրենց ուժգնությամբ տարբերվում էին նախորդ օրվա հարձակումներից: Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում նաև՝ հետապնդման հնարավորություններով: Սակայն Մարտունիից հարավ՝ Ճարտար ուղղությամբ հակառակորդին հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք: Այս պահին մարտերը շարունակվում են»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Նա տեղեկացրել է, որ հակառակորդն ակտիվորեն կիրառել է ավիացիա, մի քանի բնակավայրեր հրետակոծվել են, հրետանային հարվածներ են հասցվել Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ: Հարվածներից տուժել է նաև համայնքը, կա մեկ զոհ:
Արծրուն Հովհաննսիյանը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում և հիմնականում հրետանու կրակով խոցվում են:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը պատասխանելով գերիների փոխանակման մասին հարցին՝ նշել է, որ գերիների փոխանակման առումով ամենօրյա աշխատանք է տարվում, բայց, ցավոք, այդ աշխատանքը չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանը բացարձակապես ցանկություն չունի կոմպրոմիսի գնալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1168 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







