Այսօր առավոտվանից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձականները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները՝ հիմնականում փոքր խմբերով, տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև՝ մարտավարական օդուժ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը: Նրա տեղեկացմամբ՝ ողջ օրվա ընթացքում որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են:
Արծրուն Հովհաննիսյանը խոսել է նաև ձերբակալված երկրորդ վարձկան ահաբեկչի մասին, նշելով, որ դեռևս շատ անակնկալներ կան այս առումով:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են վարձկանները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1168 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







