Այսօր ռազմաճակատի ամբողջ երկայնքով շարունակվել են մարտական գործողությունները հյուսիսից մինչև ծայրամաս՝ հարավ: Այս պահին էլ ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են ծանր մարտեր: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա մանրամասնեց, որ առավոտյան հյուսիսային ուղղությամբ հրետակոծություն է սկսվել և որոշակի մարտեր են ընթացել: Հյուսիսում տեղի ունեցող մարտերը, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջել են հարավում ծավալվող մարտական գործողություններին:
«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ, մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական աշխատանքները և ոչնչացվել են: Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հանդիպում են մեր զինված ուժերի ստորաբաժանումները»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Հարավային ուղղությամբ ամբողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ: Օրվա ընթացքում տարբեր ուղղություններով ինտենսիվ մարտերը շարունակվել են:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչի խոսքով՝ հաղթելը մեր անվտանգությունն է, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







