Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:41

Արտգործնախարարների հանդիպումը բացարձակ անհրաժեշտություն է. նախագահի հարցազրույցը Bloomberg-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Bloomberg-ին:

Հարց- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրել է կողմերի արտգործնախարարներին՝ փորձելու հասնել հրադադարի: Վստա՞հ եք, որ նրանք կկարողանան հասնել հրադադարի:

— Չեմ կարող ասել, թե վստահ եմ: Կարծում եմ՝ երկու արտգործնախարարները գնում են Մոսկվա, և նրանք ինչ-որ առումով «մութ սենյակ» են մտնելու՝ սկսելու բանակցություններն ու խոսելու հրադադարի մասին: Սակայն ես ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին այդ հանդիպումը կազմակերպելու համար, քանի որ սա այսօր բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու հրետակոծությունը և կռիվը: Գործ ունենք մեծ հումանիտար ճգնաժամի հետ, պատերազմը հարվածում է քաղաքացիական բնակչությանը:

Ուստի, շնորհակալ եմ նրանց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի կառավարությանը: Հուսով եմ՝ հնարավոր կլինի հասնել հրադադարի:

Հարց — Ռուսաստանն իսկապե՞ս միակ տերությունն է, որ կարող է հանգեցնել համաձայնության: Դուք ունե՞ք Ռուսաստանի աջակցության կարիքը: Խոսե՞լ եք նախագահ Պուտինի հետ:

— Հստակեցնելու համար՝ սա մեկն է այն հակամարտություններից, որն ունի ձևաչափ, որը կարող է ի վերջո բանակցությունների միջոցով հանգեցնել խաղաղության: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը ստեղծվել է ավելի քան 20 տարի առաջ՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո: Կողմերը քննարկում էին խաղաղ արդյունքը և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Սակայն այս կամ այն պատճառով Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին որոշեց, որ բանակցությունների ճանապարհով չի գնալու խաղաղության: Նրանք որոշեցին խնդիրը լուծել զենքի միջոցով: Իհարկե, այստեղ շատ առանցքային է Թուրքիայի ներգրավվածությունը:

Հարց — Բայց դուք ուզո՞ւմ եք աջակցություն Ռուսաստանի կողմից: Ճգնաժամը սկսվելուց հետո որևէ շփում ունեցե՞լ եք Վլադիմիր Պուտինի հետ:

— Մենք պարբերաբար կապի մեջ ենք Վլադիմիր Պուտինի հետ: Մեր կողմից Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացին մասնակցում են վարչապետը և արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահն ու արտգործնախարարը: Մեր վարչապետն է պարբերաբար կապի մեջ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ հենց նա է պատասխանատու անձը՝ Հայաստանի՛ կողմից, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, քանի որ այն ունի իր նախագահը: Ես ևս իմ նախագահության տարիների ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել նախագահ Պուտինի հետ: Սակայն կրկնում եմ՝ հարթակը Մինսկի խումբն է:

Հարց — Դուք մեղադրում եք Թուրքիային ռազմական ներգրավվածության մեջ՝ հաջակցություն Ադրբեջանի: Սա նախագահ Ալիևը հերքում է: Դուք ունե՞ք ապացույցներ, դրանք ցո՞ւյց եք տվել Ֆրանսիային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ի՞նչ եք խնդրել նրանց անել:

— Ո՛չ ես, ո՛չ իմ կառավարությունը կարիք չունենք ներկայացնել ապացույցներ, քանի որ դրանք ակնհայտ են: Դրանք ադրբեջանական կողմի, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների մեջ են, տեսանյութերում ու լուսանկարներում, ինտերնետային կայքերում: Անգամ տարբեր երկրների, այդ թվում և՝ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքում կան Թուրքիայի կողմից բերված իսլամիստ ահաբեկիչներ: Եվ այս ամենը թուրքական զինուժի, դրոնների, անգամ F-16 կործանիչների ներկայությամբ, որոնք ևս օգտագործվում են:

Հարց — Ի՞նչ եք խնդրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անել այս ամենի առնչությամբ: Նրանցից պատասխան պահանջե՞լ եք:

— Ես խնդրել եմ լրջորեն մոտենալ այս ամենին, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է, ներգրավվում է երրորդ կողմերի հակամարտության մեջ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն: Արդյո՞ք Թուրքիան ունի կանաչ լույս ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է տեղյակ լինենք, եթե ոչ՝ ապա հուսով եմ, որ մեր գործընկերները ՆԱՏՕ-ում իրենց ձայնը լսելի կդարձնեն և Թուրքիայի վրա ճնշում կգործադրեն՝ ասելով, որ նա չպետք է ներգրավվի այս հակամարտության մեջ: Նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, նույնիսկ բարդացնում է իրավիճակը:

Հարց — Ադրբեջանի նախագահը պայքարում է իր միջազգայնորեն ճանաչված տարածքները վերականգնելու համար, 20 տարվա բանակցությունները մեծ արդյունքներ չունեն: Ինչո՞ւ նրանք դա չեն կարող անել:

— Նրանք կարո՞ղ են մարդկանց սպանել կամ պատերազմ սկսել: Կփորձեմ պատասխանել ուրիշ կերպ: Դու բանակցություններ ես վարում, որոնց ավելի քան 20 տարվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ եղել են: Բանակցվող հարցերի ծավալը մեծ է: Այս 20 տարիների ընթացքում բանակցողները հասել են շատ կարևոր կետերի, որոնք քաղաքական որոշումների կայացման անհրաժեշտություն ունեն: Այդպիսով՝ մեծ աշխատանք է կատարվել:

Միևնույն ժամանակ, երկու կողմում էլ հիմնական բանակցողների փոփոխություն է տեղի ունեցել: Հայկական կողմից նախկինում երեք նախագահներն են ներգրավված եղել, իսկ այսօր վարչապետն է պատասխանատու բանակցելու համար: Եթե դու մի փոքր դժգոհ ես բանակցություններից, որո՞նք են քո գործողությունները: Դու պատերա՞զմ ես սկսում, թե՞ շարունակում ես բանակցել: Բանակցային գործընթաց վարելը՝ իր բարդ պատմությամբ, շատ դժվարին աշխատանք է: Իսկ ո՞րն է այլընտրանքը: Այլընտրանքը մարդկանց մա՞հն է, ենթակառուցվածքների ավերու՞մը՝ ամբողջ տարածաշրջանում ստեղծելով մեծ անկայունություն: Չեմ կարծում, որ սպառել ենք բոլոր հնարավորությունները: Ժամանակն է վերադառնալ բանակցությունների շուրջ: Դա անելու համար ամենակարևոր քայլերից մեկը Թուրքիայի ներգրավվածությունը բացառելն է:

Հարց — Հայաստանի վարչապետն ասել է, որ որպես հակամարտության արձագանք կարող են դիտարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Ինչպիսի՞ հանգամանքներում դա կարվի, որ դեպքում դուք կճանաչեք անկախությունը:

— Այս հարցին պատասխանելու համար կցանկանայի մի փոքր պատմական ակնարկ անել: Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է: Լեռնային, գեղեցիկ այդ տարածքում հայերն ապրել են հազարավոր տարիներ և շարունակում են ապրել: Երբ հայերը 301 թ. ընդունեցին քրիստոնեությունը, կառուցել են եկեղեցիներ, հուշարձաններ և այդպես շարունակ: Ընդամենը 70 տարի է, որ այս տարածքը տրվել էր Ադրբեջանին: Այն տրվել էր Ստալինի կողմից: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ցանկանում է ազատագրել այդ տարածքները: Ազատագրել ումի՞ց: Այն 100 տոկոսով բնակեցված է էթնիկ հայերով: Այդպիսով դու ցանկանում ես ազատագրել տարածքները նրանցի՞ց: Դա կոչվում է էթնիկ զտում, այսինքն՝ ցանկանում են այդ հողերն առանց հայերի: Հայերը կռվում են իրենց կյանքի, ժառանգության, ինչպես նաև իրենց տների, ծնողների և երեխաների համար: Սրանք երկու տարբեր մոտեցումներ են նույն խնդրին:

Հարց — Հասկանում եմ, պարոն նախագահ, բայց իմ հարցը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, կճանաչե՞ք արդյոք կամ ո՞ր դեպքում դա կանեք:

— Պատասխանը շատ պարզ է: 1994 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, երբ հրադադար էր հաստատվել, քննարկումներ կային, թե պե՞տք է արդյոք Հայաստանը ճանաչի և այլ երկրների հորդորի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական կողմը, հաշվի առնելով, որ բանակցային գործընթաց կար՝ Մինսկի խմբի երեք համանախագահողների միջնորդությամբ, զսպվածություն է ցուցաբերել՝ այդ կերպ հնարավորություն տալով, որ բանակցությունները հանգեցնեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման: Սակայն եթե պատերազմը շարունակվի, հնարավոր է, որ Հայաստանին այլ ընտրություն չմնա, քան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և միջազգային հանրությանը հորդորելը՝ նույնպես ճանաչել այն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+