Դեռ երեկ՝ ժամը 18։00-ից սկսած, լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում, կրակոցները գնալով նվազել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
«Մոտավորապես կեսգիշերին՝ 00։15-ից սկսած, գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն, բայց մինչև այդ ժամը եղել են որոշակի խախտումներ ու կրակոցներ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։
Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին դրությամբ անդորր է, Արցախյան հատվածում էլ է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։
Հովհաննիսյանը նաև ցավակցեց երեկ Տավուշի սահմաններին զոհված հայ զինծառայողների ընտանիքներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







