Հուլիսի սկզբին Հայաստանում հրաձգային զենքի արտադրություն կսկսվի։ Այս մասին հունիսի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Անդրադառնալով ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ Հայաստանը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ, փոխնախարարը հերքեց՝ նշելով, որ «անորակ քաղաքական խաղերում փորձ է արվում ներգրավել նաև Պաշտպանության նախարարությանը»։
«Անփառունակ պաշտոնատար անձը, որը փորձում է հիմա փառասիրաբար օգտագործել այդ փոքր ժամանակահատվածը և տիտղոսը, հայտարարություններ է իրականացնում։ 2018թ. ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է վարչապետի գլխավորությամբ, որևէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում ի դեմս ՊՆ-ի, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել։ Բացի դրանից՝ խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի «Լիցենզավորման մասին» օրենք, որի 12.1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները: Այդ օրենքում փոփոխություններ տեղի են ունեցել, երբ Հայաստանի վարկանիշը իջնում էր միջազգային իր գործընկերների մոտ՝ կապված զենքի միջազգային առևտրի հետ:
Դրանից հետո ընդունվել է Կառավարության որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը, սպառազինության ցանկն էլ է հաստատվել»,- ասաց Բալայանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







